Մշակույթ

Ամերիկացի գրող Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը ցուցադրվեց Երևանում

3 րոպեի ընթերցում

Ամերիկացի գրող Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը ցուցադրվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաշքը» կինոնկարում ներկայացվում է ոգեշունչ պատմություն դիմային արատներով ծնված տղայի՝ Օգիի մասին, ով առաջին անգամ դպրոց է գնում՝ ընդունվելով 5-րդ դասարան: Նա կարողանում է ուժ գտնել իր առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Ջուլիա Ռոբերթսը և Օուեն Վիլսոնը:

Ժապավենը Երևանում ցուցադրվեց հունիսի 11-ին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակում:

«Ծրագիրը, որը սկսել ենք չորս տարի առաջ, հիմնված է «Հրաշքը» գրքի վրա, որը բեսթսելեր է: Գաղափարն այն է, թե ինչպես ես հոգիդ բացում այն մարդկանց առաջ, որոնք տարբերվում են քեզանից: Գիրքը և դրա հիման վրա նկարահանված կինոնկարը պատմում են հաշմանդամություն ունեցող երեխայի մասին: Այլ պարագայում խոսքը կարող էր գնալ այլ կրոնի հարող երեխայի կամ այլ մշակույթի պատկանող մարդու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա ասաց, որ դեսպանատան նախաձեռնությամբ գիրքը թարգմանվել է հայերեն հանձնվել ավելի քան 1000 դպրոցականի: Հետո մշակվել է առարկայական ծրագիր, որով ուսուցիչները աշխատում են երեխաների հետ, փորձում հասկանալ, թե ինչպես է պետք հաշմանդամություն ունեցող երեխաներին ընկալել, ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Միլսի խոսքով՝ գիրքը և ծրագիրը սիրով են ընդունվել, և ինքն ուրախ է, որ կարողանում են ներկայացնել վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Դեսպանը հավելեց, որ ներառական կրթության վերաբերյալ դեսպանատունը ծրագրեր է իրականացվում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի հետ: «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող ծրագրերից մեկով աջակցում ենք շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներին, որպեսզի նրանք կարողանան իրենց մանկությունն անցկացնել ընտանիքում և հնարավորություն ունենան հաճախել ներառական դպրոցներ: Սա հեշտ գործընթաց չէ. պետք է ծնողներն օժանդակություն ստանան երեխայի ուսուցման, հատուկ կարիքները հոգալու համար, ու մենք փորձում ենք այդ ուղղությամբ մեր օգնությունը ցույց տալ»,-ընդգծեց Ռիչարդ Միլսը:

Նա շեշտեց, որ վերջին երկու ամսում Հայաստանում շատ փոփոխություններ են եղել, ու դրանք միտված են նաև սոցիալական ներառմանը: «Այսօր հանդիպել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, քննարկել ենք ծրագրեր և պատրաստ ենք համագործակցել»,-եզրափակեց դեսպանը:

«Կյանքը լի է հրաշքներով» ծրագիրը իրականացվում է 2014 թվականից: Այն կյանքի է կոչվում սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերի շուրջ Հայաստանի պատանիների հետ երկխոսություն ծավալելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում