Բենյամին Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաև վարչապետին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա համերաշխությունը հիմնված է երկու ժողովուրդների համանման պատմական փորձի և Սուրբ հողում, մասնավորապես՝ Երուսաղեմում, հայկական դարավոր ներկայության վրա:
«Իսրայելը պատրաստակամ է Հայաստանի հետ ընդլայնելու իր համագործակցությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Հայաստանի նոր կառավարության հետ՝ զարգացնելու առավել ամուր հայ-իսրայելական գործընկերություն»,-ասված է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում: