Քաղաքականություն

ԱԳ նախարարը Հայաստանի դիվանագիտական ներկայացվածությունն արտերկրում համեստ է համարում

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը Հայաստանի դիվանագիտական ներկայացվածությունն արտերկրում համեստ է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարը Հայաստանի դիվանագիտական ներկայացվածությունը միջազգային դաշտում շատ ավելի համեստ է համարում, քան ցանկալի կլիներ: Այս մասին Զոհրաբ Մնացականյանն ասաց Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ՝ իրեն ուղղված հարցին ի պատասխան: Նա նշեց, որ անկախ Հայաստանի 27 տարվա պատմության ընթացքում, որքան հնարավոր է եղել, ընդլայնել են իրենց ներկայության աշխարհագրությունը, ինչը, սակայն, մասնագիտական առումով դեռևս բավարար չէ: «Մենք 27 տարվա ընթացքում կարողացել ենք աշխատել ու հասնելի լինել տարբեր խողովակներով: Այո, բավական սահմանափակ միջոցներով կատարում ենք այդ գործառույթները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարար Մնացականյանը:

Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ դիվանագիտական աշխատանքը ճոխ ու հաճելի կյանք է ապահովում: «Ես 27 տարի է՝ դիվանագիտական աշխատանքի եմ, եթե իմ ընտանիքին հարցնեք, դժվար համաձայնեն ձեզ հետ: Բայց այստեղ հարցը դրանում չէ, այլ հպարտության և պատասխանատվության՝ ներկայացնելու Հայաստանն՝ անկախ միջոցներից»,-հավելեց արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի դիվանագիտական առաքելության իրականացմանը տրամադրվել է շուրջ 15 միլիարդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում