Քաղաքականություն

ՊՆ-ն մտահոգություններ չունի Ադրբեջանի տարածքում դիրքային տեղափոխությունների առնչությամբ. Դավիթ Տոնոյան

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ն մտահոգություններ չունի Ադրբեջանի տարածքում դիրքային տեղափոխությունների առնչությամբ. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլ-մայիսին ներքաղաքական լարվածության օրերին սահմանագծում տեղի ունեցած կուտակումները եղել են ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգության արդյունք։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եղան այդ օրերին արվող հայտարարությունները, թե կուտակումներ կան Արցախի հետ շփման գծում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ի վերջո կայի՞ն կուտակումներ թե չկային, Տոնոյանը նշեց. «Կային կուտակումներ, քանի որ Ադրբեջանը մտահոգություն ուներ»։

Միաժամանակ, նախարարն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի դիրքերի տեղափոխման հետ կապված մտահոգություններ չունի։ «Մենք մեր արդյունավետ գործունեությամբ չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխում։ Սակայն, բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում տեղափոխություններ։ Դա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքն է»,- նշեց նախարարը։

Հարցին, արդյոք կա՞ ՀԱՊԿ միջամտության կարիքը, Տոնոյանը նկատեց. «Ոչ մի միջամտության կարիք չկա»։

Նկատառմանը, թե կարելի է այդ տեղափոխություններում Ադրբեջանի կողմից ուղերձ տեսնել Հայաստանին կամ Ռուսաստանին ուղղված, ՊՆ նախարարը նշեց, որ պետք է իրավիճակը սթափ գնահատել, իսկ ՊՆ-ն ոչ մի խնդիր այս պահին չի տեսնում։

Խոսելով Հայաստան-Նախիջևան սահմանագիծ իր այցելության մասին, նա հայտնեց, որ այցը պայամանավորված է եղել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ցանկությամբ՝ անձամբ ծանոթանալու այնտեղ իրավիճակին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում