Քաղաքականություն

Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը

3 րոպեի ընթերցում

 Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը: Այս մասին նա նշեց Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում:

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս փառապանծ տոնի կապակցությամբ: Սա մեր հաղթանակների սկիզբն է և կարծում եմ, որ բոլոր ժամանակներում մենք պարտադրված ենք միայն տոնել հաղթանակներ: Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռում հայրենիքին ծառայելու, ապա դա մեծ պատիվ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մովսես Հակոբյանը:

Լրագրողների խնդրանքով Մովսես Հակոբյանն իր կարծիքը հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակման մասին: «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Լրագրողները նաև հարցրեցին, թե ԱԱԾ բացահայտումները գուցե նաև հասնեն պաշտպանության ոլորտ, որը զերծ չէ կոռուպցիայից, արդյո՞ք այս առումով մտահոգություններ կան, Մովսես Հակոբյանը նշեց, որ լրագրողների մտահոգություններն անտեղի են: Ճշտող հարցին, թե այսինքն՝ բանակը զե՞րծ է կոռուպցիայից, Մովսես Հակոբյանն ավելացրեց, որ բոլոր դեպքերում որքան ինքը տիրապետում է՝ այո:

«Ամեն դեպքում ես իրավաբան, դատախազ, դատավոր չեմ, կան իրավապահ մարմիններ, որոնք բոլոր գնահատականները կտան»,-ասաց նա: Լրագրողները նկատեցին, որ մտավախություն չունի, որ այդ բացահայտումներն անձնապես իրեն կհասնեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանված է»:

Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էր նշանակվել ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով: Մինչ այդ նա 2015 թ. հունիսի 15-ից զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում