Մշակույթ

Խաչատրյանի միջազգային մրցույթը Հայաստան կբերի երաժիշտների ինը երկրից 

4 րոպեի ընթերցում

Խաչատրյանի միջազգային մրցույթը Հայաստան կբերի երաժիշտների ինը երկրից 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների միջոցով համաշխարհային երաժշտարվեստում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելու, դրանք տարածելու նպատակով Երևանում 14-րդ անգամ կանցկացվի Խաչատրյանի միջազգային մրցույթը: Միջոցառմանը կմասնակցի 16 թավջութակահար 9 երկրից: Մրցույթը տեղի կունենա հունիսի 6-14-ը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:

«Այս տարվա մրցույթի առանձնահատկությունն այն է, որ նշվում է Արամ Խաչատրյանի 115-ամյակը: Մեզ համար մեծ տոն է, քանի որ Խաչատրյանն այն կոմպոզիտորն ու լեգենդն է, որը մեզ ներկայացնում է ամբողջ աշխարհում, և Հայաստանը որպես մշակութային երկիր են ընկալում նաև նրա շնորհիվ»,-ասաց Տեր-Հովակիմյանը:

Նրա խոսքով`ամեն տարի մրցույթն անցկացվում է տարբեր երաժշտական մասնագիտությունների գծով: Այս տարի թավջութակահարների հերթն է, և դա հատկանշական է, քանի որ Արամ Խաչատրյանն իր երաժշտական ուղին սկսել է թավջութակով: Մրցույթին կմասնակցի 16 թավջութակահար 9 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Դանիայից, Նորվեգիայից և այլն:

Մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է և դրա անցկացման կարգն իրականացվում է հստակ որոշված չափանիշներով:

Մրցույթը տեղի կունենա երեք փուլով: Առաջին փուլ (7-8 հունիսի), կիսաեզրափակիչ (9-10 հունիսի) և եզրափակիչ (12-13 հունիսի)։Առաջին և կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը` Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրում ներառված են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։

Անդրադառնալով մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը` գործադիր տնօրենը նշեց, որ գեղեցիկ համերգ է նախատեսվում, որի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), որպես մենակատար հանդես կգա հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով 2006 թվականին հաղթել է Խաչատրյանի միջազգային մրցույթում: Բացման արարողությունը ցուցադրվելու է «Medici.tv» հեռուստատեսությամբ, որը 1 մլն 200 000 հետևորդ ունի: Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 14-ին:

Աննա Տեր-Հովակիմյանն ասաց, որ ժյուրիի նախագահը մեծանուն թավջութակահար Սուրեն Բագրատունին է, իսկ մրցույթի պատվավոր նախագահն է լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: «Նա կգա լսելու միայն երրորդ փուլի մասնակիցներին»,-ընդգծեց գործադիր տնօրենը:

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի ցուցակում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում