Վլադիմիր Պուտինը նշել է ԵԱՏՄ հարթակում արձանագրված հաջողությունները

3 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստն աշխատանքները սկսում է բավականին հագեցած օրակարգով։ Նիստի բացմանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախ` նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ 2018-ին որպես ԵԱՏՄ նախագահող երկիր Ռուսաստանը առաջարկել է համատեղ աշխատանքի բազմակողմ ծրագիր։ «Առաջնահերթություններից են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ ջանքերի մեծացումը, արդյունաբերական կապերի և համագործակցության զարգացումը, բացի այդ՝ անհրաժեշտ ենք համարում արժութային, ֆինանսական և դրամավարկային քաղաքականությունների սերտացումը, նոր արդյունավետ տրանսպորտային շղթաների ստեղծումը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը նկատեց, որ հինգ երկրներին միավորող կառույցում մի շարք ուղղություններով արդեն իսկ արձանագրվում են մեծ ձեռքբերումներ։ «Աճում է ներքին առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է երրորդ երկրներ ապրանքների և ծառայությունների մատակարարումը, բարելավվում են արտահանման կառուցվածքները, ստեղծվում են նոր համատեղ ձեռնարկություններ, մեկնարկում են հեռանկարային նորարարական նախագծեր»,-հավելեց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը լավ հնարավորություն է սերտ համագործակցություն հաստատել ատոմային և վերականգնվող էներգետիկայի, բնապահպանության, բժշկության, տուրիզմի, սպորտի ոլորտներում։ «Օգտակար կլիներ ավելի շատ ուշադրություն հատկացնել նաև սոցիալ-հումանիտար ուղղությանը»,-ասաց Պուտինը։

Նեղ կազմով նիստի օրակարգային հարցերից նա կարևորեց Մոլդովային՝ որպես դիտորդ-պետության կարգավիճակ տալու հարցը, որն այսօր իսկ հնարավոր է իրականացնել։

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անդամ-պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Այսօր առավոտվանից ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահների հետ։ Ղազախստանի նախագահի հետ հանդիպում, ըստ օրակարգի, նախատեսված չէ։

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար