Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ին հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, Արմեն Սարգսյանի հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: