Քաղաքականություն

Հանձնառու ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հանձնառու ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները լիարժեք և արդյունավետ չեն կարող լինել առանց կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարության մասնակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ հավելելով, որ դա նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով: Խոսելով հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի ու դրա իրացման միջազգային ճանաչումը:

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերոնշյալ սկզբունքային դիրքորոշումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է նոր լիցք հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության օրակարգային կարևոր հարցերից մեկը պետք է լինի:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Գրանցվել է 100 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում