Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, ոչ թե ինչ-որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ «Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից»: «Մենք ասել ենք, որ այս շարժման արդյունքում իշխանության եկել է ժողովուրդը, և ժողովուրդը, շարժման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառում, որևէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք պարտավոր ենք հաշվի նստել ժողովրդի այս ուղերձի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ Ռուսաստանին համարել և համարում են ռազմավարական դաշնակից, իսկ համաժողովրդական շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում: «Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերություններին: Որևէ կասկած չկա, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ ու էներգիա է տալու մեր հարևանների հետ մեր հարաբերություններին: Մենք խորացնելու ենք հարաբերությունները Եվրոպական Միության հետ և այդ կառույցի անդամ երկրների հետ: Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուտափույթ վավերացումը և կյանքի կոչումը բխում է Հայաստանի շահերից:

Փաշինյանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ այդ երկրի հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանման կարիք ունեն: «Մենք նպատակադրված ենք հստակ և գործնական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար: «Խորացնելու ենք համագործակցությունը Չինաստանի հետ և արտաքին քաղաքականության այս ուղղությունը համարում ենք շատ կարևոր: Մեծ կարևորություն ենք տալիս աշնանը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչն անկասկած կկազմակերպվի բարձր մակարդակով: Հայաստանն ամբողջովին պատրաստ է ստանձնել միջազգային այս հեղինակավոր կազմակերպության նախագահությունը»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ հավատարիմ են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, քանզի համոզված են, որ միայն դատապարտման միջոցով է հնարավոր կանխել նման ոճիրների կրկնությունը: «Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ»,- ընդգծեց նա:

Նրա գնահատմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը իրենց համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, ինչը Սփյուռքի նախարարության կարևորագույն գործառույթներից մեկը պետք է դառնա»,- ընդգծեց վարչապետի թեկնածուն:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս