Կարծիքներ

Արտաքին քաղաքական հարցերում մարդիկ ամենաշատը Սերժ Սարգսյանի հետ են հույսեր կապում. հարցում

3 րոպեի ընթերցում

Արտաքին քաղաքական հարցերում մարդիկ ամենաշատը Սերժ Սարգսյանի հետ են հույսեր կապում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում տիրող իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ադիբեկյանն ասաց, որ Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը մեծ փորձառություն ունի արտաքին քաղաքականության մեջ: «Նա ճանաչված է, կարողանում է բանակցել, ճկուն քաղաքականություն է վարում»,-ասաց Ադիբեկյանը:

100 փորձագետի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ թե ներքին և թե արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը 95-տոկոսանոց հզորություն ունի: «Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է հարցվածների 60%-ը, Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը»,նշեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արտաքին քաղաքական հարցերում հույսեր է կապում հարցվածների 30%-ը, ներքին տնտեսական հարցերում՝ 5%-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ էլ տնտեսական հարցերում հույսեր է կապում հարցվածների 25%-ը, արտաքին քաղաքական հարցերում՝ 10%-ը»,-նշեց նա:

Ադիբեկյանն ընդգծեց, որ Հայաստանում ավագանու անդամների, մարզպետների , նախարարների մեծամասնությունը հանրապետական կուսակցությանն են հարում:

«Հանրապետական կուսակցությունը ամուր հենք ունի, և, հետևաբար, նրա ղեկավարն էլ ավելի հզոր դեմք է»,-հավելեց սոցիոլոգը:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ապրիլի 9-ին Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի, նույն օրը երդվել և պաշտոնն ստանձնել է երկրի նոր նախագահը, հրաժարական է տվել կառավարությունը, սակայն վարչապետն ու բոլոր նախարարները կշարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում