Մշակույթ

Երբեք չկտրվեց իր հայրենի եզերքից. նշվեց գրող Լիպարիտ Սարգսյանի 80-ամյակը

5 րոպեի ընթերցում

Երբեք չկտրվեց իր հայրենի եզերքից. նշվեց գրող Լիպարիտ Սարգսյանի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող Լիպարիտ Սարգսյանը դրվատանքի ու բարձր գնահատանքի արժանի ստեղծագործական ուղի է անցել: «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ եւ հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983)...

Շուրջ չորս տասնյակ բանաստեղծությունների եւ պատմվածքների ժողովածուներ, որոնք հասցեագրված են ոչ միայն մեծահասակ ընթերցողին, այլեւ մանուկներին ու պատանիներին: Գրվածքներ էլ ունի, որոնք երգեր են դարձել` հնչել ռադիոյով ու հեռուստատեսությամբ: «Հանդարտ գետի նման գալիս է, գալիս, առանց ավելորդ աղմուկ աղաղակի»,- «ՀՀ» թղթակցի հետ զրույցում այսպես բնորոշեց նրան «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը` ապրիլի 10-ին գրողի 80-ամյակին նվիրված գրական հանդիսության ժամանակ, որը տեղի ունեցավ գրողների միության դահլիճում:

«Ծանոթ եմ նրա վերջին 30 տարիների բանաստեղծական քայլերին ու մտորումներին: Ժողովածուներ ունի, որ միասին ենք պատրաստել: Մի քանիսի մասին էլ գրախոսականներ եմ գրել: Բարձր եմ գնահատում հատկապես նրա մանկական ստեղծագործությունները: Գրողի համար չկա ավելի մեծ երանություն, երբ տեսնում է, թե ինչպես է դպրոցականը ստանում ու յուրացնում իր համար գրված տողերը: Լիպարիտ Սարգսյանը այդ երջանիկ գրական գործիչներից է: Արմատներով լոռեցի լինելով, իր ստեղծագործություններում Լոռվա աշխարհն է, Լոռու նկատմամբ ունեցած սերը... Նա իր յուրօրինակ մտահորիզոնն ունի, որի մեջ, ցանկացած բանաստեղծություն, ասես նախորդի շարունակությունը լինի: Թեման սերն է, բնությունը, մայրը, հայրենիքը»,- ասաց Հ. Այվազյանը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրողների միության բոլոր անդամների անունից շնորհավորելով հոբելյարին` մաղթեց նրան առողջություն, անսպառ եռանդ ու ստեղծագործական նոր հաջողություններ` ի նպաստ մեր երկրի, ժողովրդի, հայ գրականության ու մշակույթի հետագա զարգացման: «Նա իր գրականությամբ ե՛ւ մեծ է, ե՛ւ փոքր: Գրում է բոլորի համար: Մենք աշխատել ենք միասին: Ես տեսել եմ նրա մաքուր էությունը, գրականության ու գրողների հանդեպ վերաբերմունքը»: Լիպարիտ Սարգսյանը բազմիցս արժանացել է պարգեւների: Դրանց ավելացավ նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ գրողների միության կողմից համատեղ սահմանված Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը:

«Նա Թումանյանի հետնորդն ու շարունակողն է: Ամենաբարձր գնահատանքն եմ համարում այս մրցանակը»,- ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա բնորոշմամբ Լիպարիտ Սարգսյանն այն մտավորականներից է, ով երբեք չկտրվեց իր հայրենի եզերքից: Հակառակը` ամուր կառչած մնաց իր գյուղին ու արմատներին: «Նա իր առաջին աշխատանքային քայլերը կատարել է Լոռվա աշխարհում ու երբեք չի կտրվել հայրենի բնաշխարհից: Լիպարիտ Սարգսյանը ձգտում է շարունակել Հովհաննես Թումանյանի ավանդույթները: Հոգեպես լինելով իր մեծ հայրենակցի կողքին, պահում է ամենակարեւորը` քառյակի ժանրը»,- նկատեց Երիցյանը: Նա ասաց, որ երբ պատրաստվում էին հոբելյանական հանդիսությանը, գիրք հրապարակելու համար առաջարկել է ընտրել 80 քառյակ: Լ. Սարգսյանն ընտրել էր այն գրվածքները, որոնք համարել էր շատ կարեւոր ասելիք` ուղղված իր ընթերցողին:

Միջոցառմանը հոբելյարին շնորհավորեցին նաեւ նրա գրչակից ընկերները, տարբեր մշակութային հաստատությունների աշխատակիցներն ու բարեկամները: Հանդիսության կազմակերպչական աշխատանքների գործում իրենց մասնակցություն էին ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը եւ Հայաստանի գրողների միությունը: «Ձեր գրականությունը արժանապատիվ ապրելու օրինակ է: Այն օգնում է այս դժվարին ժամանակներում պահել մարդկային նկարագիրն ու ազգային դիմագիծը: Ես ամեն անգամ «գողանում» եմ Ձեր կյանքի փորձը, գրականության նկատմամբ ունեցած ճաշակն ու վերաբերմունքը».- ասաց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում