Քաղաքականություն

Կարեն Ավագյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի կառավարումն ազդարարեց, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունն ու զոռբայությունը

2 րոպեի ընթերցում

Կարեն Ավագյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի կառավարումն ազդարարեց, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունն ու  զոռբայությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ. քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: «Հանրապետության երրորդ նախագահը շատ բան արեց ազատությունների նոր նշաձող սահմանելու համար։Նորանկախ Հայաստանում խոսքի, մամուլի, կամարտահայտման ազատությունները մեծագույն ձեռքբերումներ են։ Այս ազատություններն այլևս անշրջելի են և հիմք՝ հետագա նոր զարգացումների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարեն Ավագյանը։

Նրա գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի ոչ ստանդարտ լուծումների ու որոշումների արվեստը ցույց տվեց, որ քաղաքականությունը սևի ու սպիտակի տարանջատում չէ, կարծրացած համակարգ չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ «Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումներում Հայաստանը թերևս միակ երկիրն է, որ լինելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում՝ ունի քաղաքական համաձայնագիր Եվրամիության հետ, դինամիկ զարգացող հարաբերություններ տարբեր երկրների միջև։ Այդ ոչ ստանդարտ, շրջահայաց որոշումների շնորհիվ պահպանվեց Հայաստանի կայունությունը այսօրվա պայթյունավտանգ աշխարհում»,- ասաց Ավագյանը։

Եզրափակելով խոսքը՝ Ավագյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը բացառիկ զուսպ, հավասարակշիռ պետական գործիչ է, որ պատասխանատվություն է կրում իրավիճակների համար, ով տեր է կանգնում, ում կարելի է վստահել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում