Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը հրաժարական է ներկայացրել
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը հրաժարական է ներկայացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/928972.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:
Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ:
Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:
Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս: