Մանկապատանեկան գրականության շաբաթը կամրապնդի գրող-ընթերցող կապը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի կարևորության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, այն հանրահչռակելու նպատակով ապրիլի 3-6-ը Հայաստանում կանցկացվի Մանկապատանեկան գրականության շաբաթ: Միջոցառումների բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին Արմավիրում, իսկ փակումը` ապրիլի 6-ին Խնկո-Ապոր գրադարանում: Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը:

«Միջոցառումներին մասնակցում են ոչ միայն մեր միությունը և Խնկո-Ապոր անվան մանկապատանեկան, այլև Հայաստանի ազգային, Ավետիք Իսահակյանի անվան և մի շարք մարզային գրադարաններ: Շաբաթվա ընթացքում գրքին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև դպրոցներում: Երևանի մի շարք դպրոցներում տեղի են ունենում գրողների հետ հանդիպումներ, քննարկումներ: Գրողները հրավերներ են ստանում նաև մանկապարտեզներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նա ցավով ասաց, որ այսօր մանկապատանեկան, մանկական գրականության մեթոդական ձեռնարկներն այնքան էլ հարուստ չեն և պետք է մտածել այդ ուղղությամբ: Մանկապատանեկան գրականությունը տարիքային բազմաթիվ շերտեր է ընդգրկում, և ամեն երկու, երեք տարվա տարիքային փոփոխությունը տարբեր հոգեբանական, ստեղծագործական բովանդակություն, լեզվամտածողություն է պահանջում: Այս գրականությունը բավականին բարդ է:

Միլիտոնյանի խոսքով` մանկապատանեկան գրականության հարցում միությունը հետևողական է, և այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը չի սահմանափակվում մանուկների, պատանիների և գրողների միջև հանդիպումների, քննարկումների կազմակերպմամբ: «Ունենք Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի լույս տեսած լավագույն մանկապատանեկան գրքին: Արա Աբրահամյանի մրցանակաբաշխության մեջ անցյալ տարի ավելացրեցինք նաև մանկապատանեկան գրականության անվանակարգը»,-ընդգծեց միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ մեր օրերում տարեցտարի պակասում են մանկագիրները: Ժանրը թվացյալ պարզ է, բայց իրականում ամենադժվարն է և պատասխանատուն:

Մադլեն Հովսեփյանն ասաց, որ շաբաթվա գեղեցիկ իրադարձությունն ընդգրկում է մի շարք հետաքրքիր միջոցառումներ` սկսած գրքի քննարկումներից, գրական մրցույթներից, ավարտած գրողների հետ հանդիպումներով:

Շուտով մեծ շուքով կնշվի նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանի 80-ամյակը: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը կմասնակցի նաև Խնկո-Ապոր գրադարանը:

«Այս շաբաթվա նպատակն է ամրապնդել գրող-ընթերցող կապը: Ցանկանում ենք, որ երեխան ճանաչի իր կողքին ապրող ստեղծագործող գրողներին, հարց տա նրան, առաջարկներ անի, պահանջներ դնի նրա առաջ, այլապես մանկական գրականությունը չի կարող զարգանալ»,-շեշտեց նա:

Մանկապատանեկան գրականության շաբաթներ Հայաստանում անցկացվել են դեռ Խորհրդային Միության տարիներին: Անկախացումից հետո այդ բարի ավանդույթը որոշ ժամանակ ընդհատվել էր: Այն վերականգնվել է 2002 թվականին Հայաստանի գրողների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում