Աղասի Այվազյանի գրականությունը վերաարժևորվեց նրա ստեղծագործությունների ընթերցմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրականության ամենահետաքրքիր և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի ծննդյան կապակցությամբ մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում «Այվազյանական ընթերցումներ» խորագրով միջոցառում անցկացվեց: Գրողները, ասմունքողները հատվածներ կարդացին արձակագրի գործերից` նորովի և յուրովի մեկնաբանելով դրանք:

«Առաջին անգամ ընթերցել եմ Աղասի Այվազյանի 1960-70-ականների արձակը: Արդեն նրա սցենարով նկարահանվել էր «Եռանկյունի» ֆիլմը: Այդ տարիների հայկական կինոյում այն զրնգուն էր, հետաքրքիր: Երկու թիֆլիսահայ Աղասի Այվազյանը և կինոյի, թատրոնի ռեժիսոր Հենրիկ Մալյանը կարողացան մեր կինոարվեստ բերել թեթև, պայծառ, թախծոտ հումոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հայաստանի գրողների միության արձակի և հրապարակախոսության բաժանմունքի համանախագահ, միջոցառման նախաձեռնող Ալիս Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ձգտում են ժամանակ առ ժամանակ անդրադառնալ մեր գրողներին, նրանց գործերը վերարժևորելու համար:

«Բախտ եմ ունեցել Աղասի Այվազյանի հետ աշխատել «Էկրան» ամսագրում, «Հայություն» թերթում: Նա ինձ համար և’ ուսուցիչ էր, և’ ընկեր: Նրա գործերը պետք է պարբերաբար վերընթերցել, քանի որ դրանք մեծ արժեք ունեն»,-շեշտեց Հովհաննիսյանը:

«Աղասի Այվազյանը մեր գրականության մեծերից է: Նրա ստեղծածը կարող ենք բնորոշել որպես կենսասեր գրականություն: Նա կյանքով լեցուն անձնավորություն էր, արտիստիկ գրող: Մի առիթով ասել եմ, որ եթե Աղասին լիներ Փարիզյան միջավայրում, այսօր նրա անունը շատ ավելի հնչեղ կլիներ ողջ Եվրոպայում: Այվազյանի պատմվածքները կարդալով` ոչ միայն գեղագիտական հաճույք ես ստանում, այլև նորը սովորում մարդու, կյանքի մասին»,-ընդգծեց գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ Պետրոս Դեմիրճյանը:

Խոսելով Այվազյանի կտավների մասին` Դեմիրճյանն ասաց, որ Աղասին իրեն նկարիչ չի համարել: Նա մեծամասամբ ինքնադիմանկարներ էր նկարում` փորձելով հասկանալ ինքն իրեն:

Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունն ազգային հարստություն է: Նա ականավոր վիպասան էր, դրամատուրգ, նկարիչ, «Էկրան» պարբերականի, «Հայություն» թերթի խմբագիր, կինոռեժիսոր, սցենարների հեղինակ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պետական և մի շարք այլ մրցանակների դափնեկիր: Աղասի Այվազյանը կյանքից հեռացել է 2007 թվականին՝ սերունդներին թողնելով 25 հեքիաթ, 11 վիպակ և վեպ, 23 պիես, 200 պատմվածք և էսսե, 100 նկար (թե՛ գեղանկարչություն, թե՛ գրաֆիկա):

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում