Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։ Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի է և գնահատված։

Հայ դիվանագետներից մեծ են ակնկալիքները՝ մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման և մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։ Մենք դեռ շատ անելիք ունենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

Ինչպես նախորդ տարիներին, 2018 թվականին ևս մեր դիվանագիտական օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Հոկտեմբերին Երևանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որն իր ծավալով, համոզված եմ՝ նաև արդյունքներով, աննախադեպ է լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Ակնկալում եմ, որ ձեր հաստատակամությամբ և ավյունով նպաստելու եք այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն:

Հարգելի՛ դիվանագետներ,

Մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ ու եռանդ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ձեր առաքելության մեջ` հանուն մեր հայրենիքի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում