Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հովանու ներքո ստեղծվել են կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների ու կասկադյորների պրոֆեսիոնալ գիլդիաներ: Դրանց առաջնային խնդիրն է լինելու համախմբել կինոմասնագիտությունների ներկայացուցիչներին, արդյունավետ աշխատանքի համար ստեղծել մասնագիտական միջավայր եւ ստեղծագործական մթնոլորտ: Գիլդիաների ղեկավար մարմիններն արդեն ընտրվել են: Անդամակցության գործընթացը սկսվել է: Փետրվարի 20-ին առաջին անգամ դրանց նախագահների մասնակցությամբ հրավիրվել էր համատեղ ասուլիս:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ գիլդիաների ամբողջական կայացումը կարող է մեծ ազդեցություն ունենալ կինոքաղաքականության գործում: Այն կպաշտպանի կինոմասնագետների շահերն ու իրավունքները, կնպաստի կինոմթնոլորտի ձեւավորմանը, ինչի արդյունքում կունենանք ներկայանալի կինոարտադրություն. «Վերջերս նաեւ մշակվել ու ընդունվել են կանոնակարգերը: Այդ է պատճառը, որ շատերը դեռեւս չեն պատկերացնում գիլդիաների կարեւորությունը կինոարտադրության գործում: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հասկանալի կլինի դրանց արդյունավետությունը: Ճիշտ է՝ շատ մեծ կինեմատոգրաֆիստական երկիր չենք, բայց կարող ենք դառնալ: Փոքր երկրների համար առաջնային է որակյալ կինո արտադրելը, որովհետեւ այն կարեւոր միջոց է եւ զենք: Այնպես որ, գիլդիաները գալիս են ավելի ուժեղացնելու կինոմթնոլորտը»:
Կինոդերասանների գիլդիայի նախագահ Վիգեն Ստեփանյանի խոսքերով` գիլդիաների ստեղծման նպատակը համախմբումն է ընդհանուր գաղափարի ու ստեղծագործական գործունեության շուրջ:
Կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանի կարծիքով, գլիդիաները կինոարտադրությամբ զբաղվող փոքր երկրներին օգնում է զարգանալու: Ըստ նրա, դրանք արհմիություններ են, որոնք մասնագիտական թեւի մեջ փորձում են պաշտպանություն ստեղծել ու հնարավորություն տալ աճելու. «Նախաձեռնությունը շատ լավն է: Բարի ու ճիշտ հունով առաջ է ընթանում: Հույս ունեմ, որ այդ կառույցը վերջնականորեն կկայանա` հօգուտ բոլորիս»:
Կինոռեժիսորների գիլդիայի նախագահ, ռեժիսոր Միքայել Դովլաթյանն ընդգծում է` այն մեծ նպաստ կունենա ոլորտում գործունեություն ծավալող անձանց միավորելու եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցում:
Կինոսցենարիստների գիլդիայի նախագահ Լեւոն Գալստյանն էլ շեշտեց` մասնակցում է, որովհետեւ գիտի, որ գիլդիաների ճիշտ գործունեության արդյունքում բարելավվելու է հայկական կինոարտադրության որակը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ կինոնկարիչների գիլդիայի նախագահ Սեդրակ Վելիկոդնին, կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահներ Արտո Մելքումյանը, Մկրտիչ Բարոյանը, կինոգետների եւ կինոլրագրողների գիլդիայի նախագահ Րաֆֆի Մովսիսյանը եւ կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավորխորհրդականԱրայիկ Մանուկյանը:
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
Մանրամասները «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում