Չարենցի անվան թանգարանում տեղի ունեցավ Ֆրունզե Դովլաթյանին նվիրված հուշ-ցերեկույթ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոն ունի երեւելիներ, որոնցով հպարտանալու առիթները երբեք էլ շատ չեն: Նրանց աստղաբույլում իր ուրույն տեղն ունի կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանը: Այսօր նրա ժառանգության մասին վերստին գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ասացին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպված հուշ-ցերեկույթի ընթացքում:

Չափազանց ազնիվ էր, եւ ինչպես ապրում էր, այդպես էլ իր ֆիլմերն էր նկարահանում, նկատում է որդին` կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը. «Նկարահանում էր ազնիվ կինո, պայքարում էր ամեն կադրի համար: Ամեն գնով հասնել բարձր մի կետի, որը դու նախանշել ես: Սա էր Դովլաթյանը: Նույնպիսին էր նաեւ ընկերեկան միջավայրում: Ազնվությունն է իր ձեռագիրը: Նրա ֆիլմերը ներքին տանջանքով ստեղծված գործեր են»:

Կինոգետները, մտերիմներն ու հարազատները պատմեցին հուշեր: Այնուհետեւ հաջորդեց կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի` արվեստագետին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

«Մի մարդ, ով կաղնու նման կանգնած է մեր կինոարվեստում: Շատերն են փորձել հասկանալ, թե ո՞րն էր նրա գաղտնիքը, որ այդքան առանցքային դեր ունեցավ մեր կինոարվեստում: Իմ կարծիքով, այդ գաղտնիքներից մեկը գրականության խորը իմացությունն էր: Կարդացող էր, հիմնավորապես գիտեր հայ եւ համաշխարհային գրականությունը: Մենք ունեցանք այնպիսի մի փառահեղ ժառանգություն, ինչի մասին այսօր երանությամբ ենք հիշում: Բոլորս գիտենք, որ մեր կինոարվեստն այսօր իր լավագույն օրերը չի ապրում: Թարմ շնչառություն տալու փորձեր են արվում, իսկ այդ շնչառությունը բնականաբար պիտի խարսխված լինի այդ երեւելի ժառանգության վրա, որի կերտիչներն էին` Սերգեյ Փարաջանովը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը: Ահռելի ու նշանակալի է նրանց թողած ժառանգությունը»,- ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Բազմաթիվ հիշողություններ ուներ պատմելու կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, մանավանդ այն օրերից, երբ ինքն աշխատում էր «Ֆիլմ» թերթի խմբագրությունում. «Գործի բերումով հաճախ ենք միասին ժամանակ անցկացրել: Այդ բոլոր հուշերը «բացում» են Դովլաթյան մեծությունը, հայի տեսակը: Իմ կարծիքով իր մեծագույն գործերից մեկը «Երկունք» ֆիլմն է, որում ներկայացված է ամբողջ հայ ժողովրդի ողբերգությունը»:

Տիեզերական անսահմանության մեջ կինոն, թատրոնը, գեղանկարչությունն ու արվեստի այլ ճյուղեր նույն գործառույթն ունեն, ասում է, բանաստեղծ Արտաշես Արամը: Նրա բնորոշմամբ, «այն, ինչ իրականացրեց Կոմիտասը երաժշտությամբ, կինոյում արեցին Դովլաթյանը, Մալյանն ու մյուս երեւելիները»:

Դովլաթյանը կրթել ու դաստիարակել է մի ամբողջ սերունդ: Նրա ուսանողներից է եղել նաեւ հեռուստահաղորդավար Արտյոմ Հակոբյանը: «Այն ամենը, ինչն այսօր ունեմ, սկիզբ է առել այն տարիներին, երբ Դովլաթյանը վստահեց ինձ: 16 տարեկան էի, երբ նա որոշեց, որ ես պետք է խաղամ դռնփակ մի պիեսում: Այն չորս տարիները, որ ուսանել եմ իր մոտ, իր ներկայությունից հայացքից ու խոսքից, յուրօրինակ դպրոց է եղել ինձ համար: Սովորում էիք ոչ միայն իր դասավանդած ծրագրից, այլ իր ներկայությունից ու հայացքից: Որպես ուսուցիչ խիստ էր, բայց նաեւ ընկերասեր ու հումորասեր: Նրա համար կուրսի բոլոր աղջիկները Վարդանուշներ էին, տղաները` Արկադիկներ, իսկ Հայկը` Լյով»,- ժպիտով հիշում է Ա. Հակոբյանը:

Գրականության եւ արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնում են պահվում Դովլաթյանի հարուստ արխիվային նյութերը: Այն թանգարանին է նվիրել ռեժիսորի ընտանիքը: Դրանց մի որոշ մասը ցուցադրված է թանգարանի նախասրահում: Ներկայացված են լուսանկարներ, սցենարների ձեռագրեր, պարգեւներ, կոչումները հավաստող փաստաթղթեր, աֆիշներ, ազդագրեր եւ այն ամենը ինչն առնչվում Դովլաթյան ստեղծագործողին: Թանգարանում անձնական իրեր, իհարկե, շատ կան, բայց տեղանքի ընձեռած հնարավորությունները թույլ չէին տվել դրանք ներկայացնել ամբողջությամբ:

ԼիանաՍարգսյան

Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը