Հայաստանում ըմբշամարտի բարձրակարգ մրցավարները քիչ են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանի կարծիքով, ըմբշամարտի փոփոխված կանոնները ամբողջությամբ չէ, որ թույլ են տալիս բացառել մրցավարի ազդեցությունը գոտեմարտի ելքի վրա:
«Ըմբշամարտի կանոնները նախկին տեսքին են բերվել, բայց ոչ ամբողջությամբ: Նորից մենամարտում կա «չորեքթաթ» դրությունը («партер»): Ընդհանուր առմամբ լավացել են գոտեմարտերի որակները, քանի որ մարզիկներին հնարավորություն է տրվում երկու անգամ «աշխատելու»: Բայց ասեմ նաև, որ թերություններ կան: Սակայն այս կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ մրցավարի ազդեցությունը չպակասի գոտեմարտի ելքի վրա»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Վերջինս, խոսելով Հայաստանի առաջնության մրցավարության մասին, փաստեց. «Հայաստանում ըմբշամարտի բարձրակարգ մրցավարներ քիչ ունենք: Պետք է նախ մրցավարների քանակն ավելացնել, քանի որ նրանք հոգնում են շատ գոտեմարտեր դատելուց: Պետք է կարողանանք որակական աճ գրանցել դասընթացների միջոցով»:
Նախօրեին կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, չեմպիոններ դարձան. 55 կգ քաշային կարգում՝ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ` Սլավիկ Գալստյանը, 67 կգ` Կարեն Ասլանյանը, 72 կգ` Արման Բաղդասարյանը, 77 կգ` Կարապետ Չալյանը, 82 կգ` Էդուարդ Սարգսյանը, 87 կգ` Մաքսիմ Մանուկյանը, 97 կգ` Վաղինակ Մինասյանը, 130 կգ` Էդգար Խաչատրյանը: