Պաշտոնական

Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդեռլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը:

Վարչապետը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:

Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ փոխգործակցության մեծ ներուժ է առկա: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում