Քաղաքականություն

Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը. քաղտեխնոլոգ 

2 րոպեի ընթերցում

Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը. քաղտեխնոլոգ 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ նրանից Հայաստանում ով կլինի վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա անհասկանալի է համարում մեդիա-դաշտում վարչապետի և նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների շուրջ խոսակցությունները:

«Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, որովհետև թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե վերլուծաբանները, թե քաղաքագետները անընդհատ հայտարարել են, որ դա Հանրապետական կուսակցության ներքին գործն է, և բացի ՀՀԿ-ից, այլ ուժեր չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա»,- նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ՝ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը, նույնիսկ եթե չլինի ՀՀ վարչապետի պաշտոնում:

«Հիմնական քաղաքական գործընթացները սկսվելու են ապրիլի 9-ից հետո, որովհետև այդ ժամանակ կսկսվի նոր քաղաքական ցիկլի մեկնարկը: Այս պարագայում ընդդիմության յուրաքանչյուր հատված խնդիր ունի ֆիքսելու իր լիդերությունը քաղաքական դաշտում»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելու են 2018 թ.ապրիլի 9-ին: Մինչ այդ՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահին, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով կձևավորի նոր կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում