2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում անցած շաբաթ եւ կիրակի օրերին գրանցված բքերի եւ ձյան թույլ տեղումների հետևանքով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի վիճակ չի առաջացել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, հունվարի 15-ի կեսօրվա դրությամբ բաց են մնում մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները: Դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ճանապարհը:
«Մարզի ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել: Հունվարի 13-ին եւ 14-ին մարզում գրանցվել է ճանապարհատրանսպորտային երկու պատահար, որոնք, դժբախտաբար, ուղեկցվել են մարդկային 3 զոհերով: Պատահարներից մեկը գրանցվել է Մարտունիում, մյուսը՝ Սեւանում: Փրկարարներն արձագանքել են կանչերին՝ ձեռնարկելով փրկարարական համապատասխան գործողություններ:
Բայց դժբախտ դեպքերով ուղեկցված ճանապարհատրանսպորտային պատահարները չեն առաջացել ճանապարհների անանցանելի կամ դժվարանցանելի լինելու պատճառով, այլ արդյունք են եղել երթեւեկության կանոնների խախտման»,-նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան