Պարարվեստի փառատոնը մեծ նպաստ կբերի Հայաստանին
2 րոպեի ընթերցում
![Պարարվեստի փառատոնը մեծ նպաստ կբերի Հայաստանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918399.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում հանդիպել է տեղի հայկական մի շարք պարախմբերի ղեկավարների հետ, քննարկել այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Ներկաները հայտնել են, որ սիրով կհամագործակցեն և իրենց նպաստը կբերեն հայ պարի հանրահռչակման գործին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանում այս տարվա հուլիսին կկազմակերպվի պարարվեստիփառատոն: Լոսանջելեսյան մասնակից պարախմբերից յուրաքանչյուրը կստանձնի Հայաստանի որևէ մարզում, որևէ գյուղում գործող պարախմբի հովանավորությունը (ֆինանսական օգնություն, բեմական հագուստ, հայաստանյան փառատոնին համատեղ մասնակցություն և այլն)։
Պայմանավորվածությունների շարքում է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում հայկական պարը հանրահռչակող ելույթների, համերգների կազմակերպումը։
ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում մշտապես կաջակցի պարախմբերի ելույթներին՝ դահլիճներ, իր ենթակայության համերգային այլ հարթակներ, տարազների և երաժշտության հարցում աջակցություն տրամադրելով, մարզային ելույթներ կազմակերպելով։
Նախարարության 2018 թվականի առաջնահերթություններից է Հայաստանում պարարվեստի զարգացումը և աշխարհում հայ պարարվեստի առաջխաղացումը։