ՀՀ քաղաքացիները դատարան դիմելու հնարավորություն կունենան նաև էլեկտրոնային եղանակով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքացիական և վարչական գործերով դատարան դիմելու հնարավորություն կլինի նաև էլեկտրոնային եղանակով: Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացվող նախագծով հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն կամ այլ փաստաթղթեր դատարանին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով:
«Այդ հարթակն արդեն տեխնիկապես պատրաստ է: Դատալեքս տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է անել: Անձինք այսուհետ կարող են ոչ միայն թղթային եղանակով, այլ ավելի արագ՝ էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում բոլոր փաստաթղթերը ներկայացնել դատարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Նա մանրամասնեց, որ անձը հնարավորություն կունենա ապացույցները ներկայացնել սկանավորված եղանակով, իսկ արդեն դատական նիստի ժամանակ կբերի նաև օրիգինալ փաստաթղթերը, եթե դրա անհրաժեշտությունը լինում է: