Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Եղիշե Չարենցի հուշարձանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եղիշե Չարենցի մահվան 80-ամյա տարելիցին հայ գրողները, ուսուցիչներն ու աշակերտները Երևանում ծաղիկներ դրեցին մեծ գրողի հուշարձանին:

«Չնայած Եղիշե Չարենցը կարճ է ապրել` նրա կյանքի ամեն վայրկյանը, րոպեն լի էին հայոց պատմության և՛ բերկրալից, և՛ ողբերգական էջերով: Պատահական չէ, որ հայոց պատմության քառուղիները Չարենցը վերլուծեց ու պոեմի տեսքով հանձնեց հայ ժողովրդին: Չարենցի պոեզիայում, արձակում սինթեզված է ողջ համաշխարհային գրականությունը: Չարենցն իր ժամանակների անաչառ գնահատականն էր տալիս. հենց դրա համար էլ պատժվեց, բանտարկվեց: Պետք է հիշենք Չարենցին, բռնաճնշման ենթարկված մյուս գրողներին, որոնք էական դեր են կատարել հայ գրականության կայացման գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` Չարենցը վիթխարի գրող էր, որը չէր կարող ապրել իր ժամանակի հեղձուցիչ սահմաններում: «Նա կամ պիտի խորտակեր այդ սահմանները, պայթեցներ դրանք, կամ պիտի դառնար դրանց զոհը: Չարենցը երկուսն էլ արեց: Նա ուրվագծեց հոգևոր հայրենիք, որն անեզր է, տիեզերական: Չարենցը մեր պատմության խորխորատներից այնպիսի լույս բխեցրեց, որը մինչ օրս պայծառացնում է ու հավերժ պետք է լուսավորի հայ մշակույթը»,- ասաց Վարդանյանը:

«Նա ապրեց քառասուն տարի, և նրա կյանքն ավարտվեց իր արարչական գործի ճանապարհի կեսին: Վերջին տարիներին Եղիշե Չարենցը հազվադեպ էր տանից դուրս գալիս, և ոչ ոք նրան չէր այցելում: 1937-ին` իր քառասնամյակի օրերին, նա գրել էր, որ տոնում է կրկնակի հոբելյանը՝ իբրև մենակ և հալածական պոետ աքսորյալ սեփական հայրենիքում»,-նշեց Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը: Նա ընդգծեց, որ Չարենցը կապրի, քանի դեռ կա հայ մարդը:

Միջոցառումն իրականացվեց ՀԳՄ նախաձեռնությամբ:

Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին: 1908-1912 թվականներին սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, այնուհետև` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: 1922-ին որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վ. Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920-ին՝ Մայիսյան, 1921-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:

1922 թվականին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925 թվականերին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1928-1935 թվականներին աշխատել է Հայպետհրատում՝ լույս ընծայելով հայ դասական և ժամանակակից գրականության բարձրարժեք նմուշներ:

1935-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է ետմահու:

Նրա հայտնի գործերն են «Դանթեական առասպել», «Սոմա», «Ամբոխները խելագարված», «Երկիր Նաիրի» ստեղծագործությունները և այլն:

Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն