Երևանյան բեսթսելեր 4/86. Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքն ամենավաճառվածն է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի հաջողված թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը:

Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը: Այն արծարծում է ինքնության որոնման թեման ճակատագրապաշտության իշխող մոտիվով: Գրքում զուգորդված են «Ռոստամ և Զոհրաբի», «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ: Գիրքը թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է գրավել անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը: Վեպը պատմում է նկարչի մասին, ով, ծանոթանալով Դորիան Գրեյի հետ, սիրում է նրան: Գրքում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականն արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել՝ Աշոտ Գաբրիելյանը:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» չորրորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Հինգերորդ տեղում նոր գիրք է: Պաուլու Կոելյուի «Դևը և օրիորդ Պրիմը» վեպում հեղինակը ներկայացնում է լույսի և խավարի հավերժական պայքարը, որն ամեն վայրկյան մղվում է մարդկանց հոգիներում՝ թույլ տալով գիտակցել սեփական երազանքին հասնելու, մյուսներից տարբերվելու և լիարժեք կյանքով ապրելու ունակությունը: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը, խմբագրել՝ Շողեր Խաչատրյանը:

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» ստեղծագործությունը զբաղեցրել է վեցերորդ տեղը: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերենով է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը, խմբագրել՝ Նունե Թովմասյանը: Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս անգամ յոթերորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ութերորդ տեղում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության: Տաղեր» գիրքն է: Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում:

Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ իններորդ տեղում Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպն է: Այն ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող գործերից է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, ինչի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում: Թարգմանել է Լիանա Սաֆարյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» ստեղծագործությունը: Անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի հուզախռով պատմությունը բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա՝ արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերվում Ֆրոյդին), երգիծական պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք մենության և սիրո մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել: Թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Լուսաբաց 459
2 *

Օրհան Փամուք

«Կարմրահեր կինը»

Անտարես 14
3 +5

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 12
4 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 11
5 Նոր

Պաուլու Կոելյու

«Դևը և օրիորդ Պրիմը»

Անտարես 8
6 Նոր

Խալիլ Ջիբրան

«Մարգարեն»

Քյուրքչյան 8
7 -3

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
8 +2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության: Տաղեր»

Զանգակ 5
9 0

Դանիել Գլաթաուեր

«Հավերժ քոնը»

Զանգակ 5
10 *

Վլադիմիր Նաբոկով

«Լոլիտա»

Անտարես 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում