Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Մոսկվայում բացվեց Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը

6 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում նոյեմբերի 15-ին բացվեց մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն հանդիսավորությամբ բացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Նախագահը փաստեց, որ այսօր Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթն անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը և շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր:

«Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծագույն գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արևելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական և եվրոպական մշակույթի նոր միտումների հետ: Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության և տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային և վերժամանակային արժեքներով: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիևներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ և հետաքրքիր նախագծերով: Հարգելի՛ բարեկամներ, հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և դրանց հետագա փոխհարստացման համար: Ռուսական մշակույթի բացառիկ գրական և երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի և արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձևավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին նաև հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռևս 1995 թվականին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես և սրտանց մոտենալու համար, ինչպես նաև` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում»,- եզրափակեց Հանրապետության ղեկավարը:

ՌԴ նախագահը նշեց՝ Սերժ Սարգսյանիհետ հանդիպմանը արձանագրվել է, որ երկու երկների հարաբերությունները զարգանում են արդյունավետ բոլոր ուղղություննեիով: «Կա փոխշահավետ համագործակցություն, մեր հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, ամուր հիմքերի վրա ձևավորված ավանդույթներ: Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերը ևս մեկ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու դարավոր պատմություն ունեցող ժողովրդի մշակույթին, ավանդույթներին: Այսպիսի միջոցառումները էլ ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների կապերը»,- հավելեց նա:

Բացման արարողությունից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն:

«Շատ հետաքրքիր փաստ, երբ մենք քննարկում էինք, թե քանի նկար պետք է բերվի ցուցահանդեսի համար, պարզվեց, որ շատ քիչ նկար է անհրաժեշտ: Այն տարիներին, երբ Մարտիրոս Սարյանը սովորելիս է եղել Մոսկվայում, Տրետյակովյան պատկերասրահը երիտասարդ նկարչից գնել է իր աշխատանքները: Կարծում եմ, որ դա Մարտիրոս Սարյանի աշխատանքների ամենամեծ գնահատականն է եղել: Այս ցուցահանդեսին ներկայացված կտավների հիմնական մասը պատկերասրահի սեփականությունն է»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Ցուցահանդեսի ընթացքում մեծանուն արվեստագետի աշխատանքների մի մասը բերվել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահից, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:

«Այս ցուցահանդեսին մենք ցանկանում էինք ցույց տալ Սարյանի լավագույն աշխատանքները: Նրա ստեղծագործություններում զարմանալիորեն արևի լույս է ճառագում: Յուրաքանչյուր այցելու կարող է տեսնել, թե ինչ ջերմություն, ինչպիսի վառ գույներ կան»,- նշեց Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի համակարգող Լյուդմիլա Բաբրովսկայան:

Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը:

Հայերեն العربية

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ