Հասարակական

Եվրահանձնաժողովը մտադիր է Հայաստանում հատուկ գրասենյակ բացել «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը մտադիր է Հայաստանում հատուկ գրասենյակ բացել «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:

Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան՝ որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները:

Քննարկվել են նաև Հայաստանում հատուկ գրասենյակի ձևավորման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարևոր միջոց:

Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը:

«Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում