«Ծիրանի ծառ» կինոփառատոնում կցուցադրվի 30 ֆիլմ 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնի երկու մրցութային՝ կարճամետրաժ և լիամետրաժ ծրագրերում ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից: Կինոնկարներն ընտրվել են այս տարի փառատոնի ստացած շուրջ 1650 հայտից: Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է: Այն ոչ միայն զանազան մարդկանց, ժողովուրդների ու համայնքների զարկերակը պատկերող վավերագրական ֆիլմերի տոն է, այլև մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած կինոգործիչները կարող են հանդիպել, զրուցել ազատ մթնոլորտում՝ քննարկելով գաղափարները և կազմելով հետագա համագործակցության հնարավոր ծրագրեր:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին:

Հաջորդ առավոտ մասնակիցները կմեկնեն Ուջան, որտեղ և կանցկացնեն մնացյալ 4 օրը: Մասնակիցների բնակության համար ընտրվել են այնպիսի տներ, որոնցում երեխաները տիրապետում են անգլերեն լեզվին: Այսպիսով՝ ուջանցի երեխաները կլինեն միջազգային կինոփառատոնի կամավորներ: Գյուղում լինելու են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, զանազան համերգներ: Յուրաքանչյուր օր մասնակիցների մասնակցությամբ տեղի կունենան զրույցներ կինոյի մասին, որոնցում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը՝ տեղացի և արտասահմանցի կինոգործիչները, կքննարկեն կինոյի խնդիրները: Դրանց տրամաբանական ավարտը կլինի փառատոնի շրջանակում Ուջանում անցկացվելիք կինոմասնագետների ժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության եղանակների ընդլայնման խնդրին:

Փառատոնի ավարտից հետո ֆիլմերը տարվա ընթացքում կցուցադրվեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում՝ որպես առանձին նախագիծ:

Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անցկացվել է 2015-ի հոկտեմբերին: Եվ եթե այդ տարի այն սահմանափակվել է միայն Երևանով, ապա մեկ տարի անց փառատոնն իր ֆիլմերով հյուրընկալվել է նաև Ուջանում և Գյումրիում: 2016-ին փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված էին 40 ֆիլմեր՝ 22 երկրից, և մասնակցում էին 17 հեղինակ՝ 8 երկրից: Ուջանում անցկացնելով մեկ օր՝ մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին, իսկ փառատոնն, իր հերթին, հատուկ ցուցադրություն է կազմակերպվել գյուղի համար:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP