Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը արդարադատության նախարարության առաջնահերթ հարցերից մեկն է
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը մեկ տարում ստեղծել է էլեկտրոնային ծառայությունների մեծ դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել ենe-notary էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել ենe-notaryէլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև համակցման աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել է այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն:
«Նախկինում քաղաքացին շատ հաճախ պետք է դիմեր բազում պետական մարմիններ, որպեսզի լուծեր մեկ խնդիր: Նոտարը բազմաթիվ այլ համակարգերի հետ կարողանում է ծառայությունները մատուցել մեկ պատուհանի սկզբունքով: Մեր նպատակն է նվազեցնել քաղաքացիները շփումը ծառայություն մատուցողի հետ»,- նշեց նախարարը:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից նաև ներդրվել էէլեկտրոնային ապոստիլիwww.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունն ստացող պետության իրավասու մարմինը կարող էստուգել առցանց:
«Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը արդարադատության նախարարության առաջնահերթ հարցերից մեկն է: Այսօր մենք փորձարկում ենք մեկ այլ համակարգ` www.e-hotline.amկայքը, որի նպատակն է արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրների լուծումը, ինչպես նաև արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը: Դրական արդյունքի դեպքում կայքը կօգտագործվի նաև այլ ոլորտներում»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը կարևորեց նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնականwww.e-draft.amկայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը:
«Օրենսդրական ակտերը պետք է ներկայացվեն այդ հարթակի միջոցով, իսկ պետական մարմինները պետք է արձագանքեն հանրության առաջարկություններին: Կայքի գործարկումից առայսօր արձանագրվել է կայքից օգտվողների թվի աճ»,- ասաց նախարարը: