Իրավունք

Փաստաբանը մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից

2 րոպեի ընթերցում

Փաստաբանը մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից

Փաստաբան Արամ Օրբելյանը մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակներում է ՀՀ դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդել համաձայնություն տալ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը։

Օրբելյանի պնդմամբ՝ այդ գործարքը որևէ կերպ չի վիճարկվել, և դրա հետ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունի։

«Հետագայում՝ 2008 թվականին, երբ պարոն Ռոբերտ Քոչարյանն արդեն պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Եվ հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է»,- մանրամասնել է Օրբելյանը։

Նրա խոսքով՝ այդ հատվածը վարձակալությամբ է հանձնված եղել, վարձակալը իր գումարներով սկսել է կառուցապատում իրականացնել, սակայն 2008 թվականին ֆինանսական որոշակի խնդիրներ է ունեցել և ներդրումներ փնտրելու ժամանակ առաջարկ է եղել նաև Սեդրակ Քոչարյանին, որը համապատասխան մասնակցություն է ունեցել այդ գործընթացում։

Օրբելյանը պնդել է, որ այդ գործընթացում որևէ կրիմինալ չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը հաղթահարել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմը և նոր խորհրդարանում կունենա 12 մանդատ։ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում