Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում. Քրիստիան Վիգենին

3 րոպեի ընթերցում

 ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում. Քրիստիան Վիգենին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա)ամփոփել է Ադրբեջան կատարած երկօրյա այցի արդյունքները՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, թե Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը ինչ ազդեցություն է գործում տարածաշրջանի բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը:

Բաքվում Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի մի խումբ պաշտոնատար անձանց, այդ թվում և խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի, փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամների, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև հակամարտության հետևանքով տեղահանվածների հետ:

«Մենք պետք է երբեք չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է դժբախտ պատահարների պատճառ դառնալ. գոյություն ունեցող ստատուս-քվոն պարզապես անընդունելի է: Ես շարունակելու եմ աշխատել՝ այս ողբերգական իրականությունը պահելու քաղաքական առաջնորդների օրակարգում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային հարթակներում»,- ասել է Վիգենինը:

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում՝ իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Վիգենինը հորդորել է կողմերին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և առավել կառուցողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության: «Աշխարհում միտում կա՝ ամեն անգամ արթնանալ, երբ հակամարտության գոտում լարվածություն է առաջանում, մինչդեռ խաղաղություն չի կարող հաստատվել պատահական ջանքերի գործադրմամբ: Բարձրագույն մակարդակներում հատուկ ուշադրության հատկացումը կարևոր է քաղաքական կամք դրսևորելու համար՝ հանուն տևական խաղաղության»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:

Անդրադառնալով մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Վիգենինը նշել է, որ թեպետ հիմնախնդրի լուծումը գտնելու վերջնական պատասխանատվությունն ընկնում է երկու երկրների կառավարությունների վրա, սակայն ավելի մեծ միջազգային ուշադրությունը կարող է օգնել խաղաղարար ջանքերին:

Ադրբեջանից հետո Վիգենինն այցելելու է նաև Վրաստան և Հայաստան: Տարածաշրջանային այցի արդյունքներով նա զեկույց կհրապարակի հոկտեմբերի 4-ին:

Քրիստիան Վիգենինը Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2016 թվականի փետրվարին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում