Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են  Հայաստան-ԵՄ  համագործակցությանն առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են  Հայաստան-ԵՄ  համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ խոսել ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը», - ընդգծել է վարչապետը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու: «Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն», - նշել է դեսպանը:

Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ի կողմից համագործակցությունն ու աջակցությունը բարեփոխումների ծրագրին՝ հետևողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում: «Գնահատելի է, որ ձեր փորձագետները վերլուծել են կառավարության ծրագիրը և համակարծիք են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաև մեր խնդիրներն ու թերությունները», - ընդգծել է վարչապետը:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի և Միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, և իրենց պատկերացումներն ու մոտեցումները համընկնում են:

Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ավիացիոն ոլորտի համաձայնագրի հետ կապված հարցերին, մտքեր փոխանակել ԵՄ-ում ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում