Պաշտոնական

Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգի իրագործելուն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգի իրագործելուն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը և այլ հարցեր: Վարչապետի խոսքով, այդ ծրագրերի իրականացման նպատակով է ստեղծվել «Թվային Հայաստան» հիմնադրամը, և կառավարությունը պատրաստ է նշված ուղղություններով առաջ շարժվել՝ «Մայքրոսոֆթ»-ի հետ փոխգործակցությամբ:

Ռոնալդ Բինկոֆսկին իր հերթին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում և հավելել, որ այդ նպատակով արդյունավետ քննարկումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահի խոսքով, այս բնագավառում իրենք ունեն հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ, որոնք կարող են ուղղել Հայաստանի թվային օրակարգի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում