Քաղաքականություն

Հայկական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով որևէ զինատեսակից կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ  

2 րոպեի ընթերցում

 Հայկական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով որևէ զինատեսակից կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ  

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների։ Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է վերը նշված տեղեկությունը և հայտարարում, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երևում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում