Մշակույթ

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը հայկական ազգային խորհրդանշանների և զինանշանների հարցերով հետազոտող, ուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ քննարկել են հայոց պետականության խորհրդանիշերի թեմատիկան հուշանվերային բիզնեսի միջոցով խթանելու ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, պատմաբանը հիմնադրամի թիմին է տրամադրել հայոց արքաների դիմապատկերների վերատպությունները (բարձր կետայնության), որոնց հիման վրա աշխատանքային խումբը կմշակի հուշանվերների նմուշներ։ Դրանք հետագայում կմտնեն արտադրական փուլ։ Հուշանվերների դիզայնը մշակելիս խնդիր է դրվելու օգտագործել արքայական տոհմերի խորհրդանիշեր, զինանշանների, հանդերձանքի դրվագներ և այլն։

Գաղափարն արժանացել է Հայաստանի վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի հավանությանը:

«Բիզնես նախագծից բացի, հայոց արքաների խորհրդանիշերի թեմատիկայով հուշանվերների արտադրության ծրագիրը նաև մեր պետականության, արքաների նվաճումները հանրայնացնելու, քարոզելու գաղափար է կրում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Հայկական ազգային ու պետական խորհրդանշանների հանրահռչակումը մեր մշակութային արժեքները, հայ ժողովրդի անցյալի հարուստժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին հայկական քաղաքակրթության յուրահատուկ ու ինքնատիպ անձնագրի հետ ծանոթացնելու լավագույն միջոցներից է: Տարբեր կրիչների վրա դրանց տարածումն ու հանրահռչակումը մեծ նշանակություն կունենան նաև Հայաստանից դուրս բնակվող և հայկական միջավայրից օտարված երիտասարդ հայորդիներին հայկական ժառանգության հետ առնչվելու տեսանկյունից»,-նշել էուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը։

Լավագույն նախագիծը կընտրվի բաց մրցույթով, որի ընթացքում Հիմնադրամն ակնկալում է հուշանվերների դիզայնի, արտադրության, վաճառքի բիզնես պլան: Հաղթող ընկերությունը կստանա արտադրության պատվերը և վաճառքի իրավունք՝ մշակութային օբյեկտներում՝ թանգարաններում, հնավայրերում, զբոսաշրջային տարածքներում: Հիմնադրամը կաջակցի նաև արտադրանքի առաջմղման հարցում։

«Ծրագրով նաև նպաստում ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, խթանում ենք զբոսաշրջության զարգացումը, դիվերսիֆիկացնում ենք հուշանվերային շուկան, կատարում ենք քարոզչական կարևոր քայլ` հայոց պատմությունը օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնելու գործում»,- նշել է ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում