Ֆարմանյանը հորդորել է Պետդումայի պատգամավորին հեռու մնալ ԼՂ խնդրի վերաբերյալ անհարկի մեկնաբանություններից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կոչ է արել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևին հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անհարկի մեկնաբանություններից՝ «իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ»: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ֆարմանյանի հայտարարությունն ամբողջությամբ.

«Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, ուշադրությունիցս չվրիպեց մի «մանրուք»՝ բառի իսկական իմաստով:

Այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խճճվել է սեփական հաշվարկներում՝ դա գիտեինք վաղուց. փորձելով արդեն տևական ժամանակ տորպեդահարել բանակցային գործընթացը և շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, ստացել է ոչ թե այդ նույն կառույցների աջակցությունը, այլ հակառակը՝ ինքն իրեն հակադրելով միջազգային հանրությանը և Մինսկիխմբին, հայտնվել է բացառիկ և գնալով խորացող մեկուսացման մեջ, բանակցությունների սեղանի շուրջ չստանալով այն, ինչ ուզում է:

Այն, որ Ադրբեջանը, պարբերաբար դիմելով ռազմաքաղաքական արկածախնդրությունների, խախտելով հրադադարի անժամկետ համաձայնագիրը և չհարգելով իր իսկ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունների կատարումը, սեփական զինվորին դարձրել է անարժեք թնդանոթի միս, դա էլ գիտեինք:

Այն, որ մարդկային դեմքը կորցրած Ալիևի վարչակարգը թնդանոթի միս է դիտարկում ոչ միայն իր զինվորին, այլև շփման գծի երկայնքով ապրող իր քաղաքացիական բնակչությանը, դա էլ նորություն չէր: Հակառակ պարագայում, իր կրակակետերը չէր տեղադրի քաղաքացիական բնակչության ու համայնքների թիկունքում՝ այն դարձնելով կենդանի, անբարոյական վահան:

Բայց այն, որ Ալիևին ձայնակցող խավիարասերների գնալով խայտառակվող, նոսրացող ու մարող միջազգային բանակում կարող է հայտնվել ոչ ավել ոչ պակաս ՌԴ Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելև անուն-ազգանունով, սա արդեն նորություն էր:

Թվում է՝ ակնհայտորեն պարզ չէ, թե այդ ինչ տրամաբանությամբ է վերջինս խոսում «ղարաբաղյան սեպարատիզմի» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու» մասին, Հեյդար Ալիևին մեծարում որպես «ժողովրդի հայր» և այլ ոչ հոդաբաշխ մտքեր շաղ տալիս, այդպիսով, ինքն իրեն հակադրելով ոչ միայն արտգործնախարար Լավրովի հայտարարություններին, այլ ընդհանրապես, իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականությանը:

Տպավորություն է, որ պատգամավոր Սավելևը, վերջին տարիներին լեթարգիական կատարյալ քնի մեջ է եղել և բնավ տեղեկացված չէ, թե ինչպես են այդ նույն «ժողովրդի հոր» ուղիղ գծով ժառանգներն ու հետևորդները, միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում միջխորհրդարանական, հենց ՌԴ-ին մեղադրում «սեպարատիզմի», «ագրեսիայի» և բազում այլ մեղքերի մեջ՝ Ղրիմյան, ու ոչ միայն, իրադարձությունների հետ կապված: Ամենաթարմ օրինակներն, ընդ որում, երկու-երեք օրվա վաղեմություն ունեն:

Այնպես, որ պատգամավոր Սավելևը ճիշտ կլիներ շարունակեր զբաղվել իրեն հոգեհարազատ բնապահպանական հարցերով և քիթը չխոթեր թեմաների մեջ, որոնցից, ակնհայտորեն գլուխ չի հանում` իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ»:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում