Ղարաբաղյան հիմնահարց

Կան գործիչներ, որոնք ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով. Սենոր Հասրաթյան

4 րոպեի ընթերցում

Կան գործիչներ, որոնք ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով. Սենոր Հասրաթյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից երկրում հավատարմագրված դեսպանությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջնագիծ տանելու փաստը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հասրաթյանի մեկնաբանությունը.

«Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված «հիթ-շքերթը», որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված», սակայն, իրականում 1994թ. հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող Ջոջուկ Մարջանլու գյուղում «հայերի կողմից իրականացված բարբարոսությունները», իր շարունակությունը ստացավ նաև այսօր, բայց արդեն Ալխանլու ռազմաբնակավայրում: Հարկ է նկատել, որ չնայած այցելության հասցեների տարբերությանը, այդուհանդերձ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես մշակված բեմագրերն ու դրանց արդյունքում ակնկալվող նպատակները նույնն էին՝ օտարերկրացիներին ներկայացնել «անսիրտ ու դաժան հայերի կատարածը» ու նաև համոզել, որ «Ալխանլիում որևէ ռազմակայան գոյություն չունի, իսկ այնտեղ ապրող անմեղ բնակիչներն անընդհատ ենթարկվում են հայերի նախահարձակ գործողություններին...»:

Որ մեզ հարևան կոչվածների հորինվածքները դժվար թե համոզիչ լինեն առողջ տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց համար, անկասկած է, բայց միաժամանակ չանտեսենք, որ աշխարհում, ցավոք, գոյություն ունի նաև մարդկանց այն տեսակը, այդ թվում ռազմադիվանագիտական ու տեղեկատվական ոլորտից, ով ճշմարտությունն ընկալում է ոչ թե առողջ տրամաբանության հրամայականով, այլև առավելապես աբշերոնյան խավիարի համով ու տեսակով...»:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններումԱլխանլու գյուղում տեղակայված ռազմակայանիցադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվելԱլխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում