Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ ստորագրվել է նամակ-համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ ստորագրվել է նամակ-համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից , ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրումից հետո նշել է. «Այսօր մենք ստորագրեցինք մի կարեւոր փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները եւ խորհրդարանի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի կարողությունների կատարելագործում»: Արա Բաբլոյանը, կարեւորելով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, նշել է, որ խորհրդարանը բաց է համագործակցության համար, եւ առաջիկայում համատեղ ջանքերով մշակվելիք ծրագրերը կիրականացվեն:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը, ունենալով խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ, ողջունում է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները, որոնց նպատակը երկիրը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելն է:

Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջեւ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում