Կեղծ տեղեկություններ տարածելով Ադրբեջանն ապակողմնորոշում է սեփական հասարակությանը. Սենոր Հասրաթյան /լրացված/
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը հերթական անգամ հերքում է ադրբեջանական կողմի ստահոդ լուրերը: Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման տեղեկատվություն տարածելու նպատակն է սեփական հասարակությանն ապակողմնորոշելը: Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում»,-ասաց Սենոր Հասրաթյանը: