Մշակույթ

Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքը նվիրաբերվեց «Ազնավուր» հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքը նվիրաբերվեց «Ազնավուր» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության՝ այս տարվա մարտի 23-ի N 273 - Ա որոշմամբ Երևանի՝ Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգա­րանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով և զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասով, նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացա­ռապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, այսօր՝ ապրիլի 28-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է:

Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով: «Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում