Մշակույթ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգը է ունեցել Վարշավայում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգը է ունեցել Վարշավայում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի պատվո հովանու ներքո անցկացվող Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո և նվիրված էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:

Համերգից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկան:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ հպարտություն է լինել հազարամյակների հարուստ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ով կրկնակի հպարտությամբ է հետևում, թե ինչպես են հայ երաժիշտները իրենց կատարումներով հիացնում լեհ հանդիսատեսին:

Իր հերթին, Էլիժբետա Պենդերեցկան իր երախտագիտության խոսքը հղեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարարությանը, որոնք իրենց մշտական հոգածությամբ հանդիսանում են փառատոնի բարեկամները և մեծ աջակցություն են ցուցաբերել այդ համերգի կայացման գործին:

Համերգի ծրագրում ընդգրկված էին Ղազարոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները: Մենակատարներն էին՝ ջութակահար Յարոսլավ Նադժիցկին և աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում