Հայաստանի ՏՏ ոլորտը կներկայացնի ռազմական նշանակության նոր անօդաչու թռչող սարքեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կներկայացնի ռազմական նշանակության նոր, առավել որակյալ սարքավորումներ: Այս մասին «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի ժամանակ նշեց անօդաչու թռչող սարքեր արտադրող առաջատար DJI ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը:

«Եթե ներկայում եղած տեմպերով շարունակենք աշխատել, ապա առաջիկա տարիներին մենք կունենանք ռազմական նշանակության այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք չեն զիջի իսրայելական արտադրությանը: Նշանակությունն էլ կլինի տարբեր` հարվածային, հետախուզական: Ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի տեմպին նոր թափ հաղորդվեց, մենք ունենք բարձրորակ մասնագետներ և կկարողանանք լուրջ հաջողությունների հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արմեն Սաֆարյանը: Նրա տեղեկացմամբ, այսօր ընկերության անօդաչու թռչող սարքերը Պաշտպանության նախարարության կողմից թեստավորում են անցնում, հաջողության դեպքում, կարող են կիրառվել ռազմական ոլորտում:

«Olymp Engineering» հայկական կազմակերպությունն առանձին տաղավարով ներկայացրեց իր վերահաղորդիչ համակարգը: Կազմակերպության ներկայացուցիչ Օրբելի Սևոյանը, պարզաբանելով համակարգի նշանակությունը, նշեց, որ այն կօգնի հեռախոսային, ինտերնետային կապ ապահովել ցանկացած վայրում:

«Նախատեսված է այն տարածքների համար, որտեղ կապ չկա: Ահա այս համակարգն ունենալով, կարող ենք ապահովել հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն ցանկացած վայրում: Համակարգի գործարկման համար էլ հեշտացված սպասարկում է անհրաժեշտ: Այն տարածքներում, որտեղ հոսանք չկա, համակարգը կարող է սնվել արևային էներգիայից և տեղեկատվությունն այս սարքի միջոցով հաղորդել համապատասխան վայր: Ռազմական տեսանկյունից այնքանով է կարևոր, որ գիտենք սահմանամերձ շրջաններում կապը վատ է աշխատում, սա տեղադրելով, հնարավոր է ամբողջ սահմանի երկայնքով կապ ապահովել»,-հավելեց Օրբելի Սևոյանը:

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին առանձին հարկ հատկացված էր տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրեր իրականացնող ընկերություններին: Բավական ներկայանալի էր «Թումո»-ի տաղավարը, որը ներկայացնում էր թե իր շրջանավարտների, թե ներկայում սովորող երեխաների աշխատանքները: «Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը նշեց, որ հաջողություններն ակնհայտ են:

«Այս տարի մենք որոշեցինք ցույց տալ մեր նախագծերն ու start-up-ները: Ներկայացրել ենք «Ելինգ» անիմացիոն ստուդիայի աշխատանքը: Այն հիմնել են մեր շրջանավարտները, որոնք ունեն աջակցություն «Թումո»-ի կողմից: Անիմացիոն ստուդիան արդեն ունի պատվերներ դրսից»,-ասաց Զառա Բուդաղյանը: Տաղավարում ներկայացված էր խաղերի ստեղծման start-up-ները:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը ներկայացնող Միշա Մանուկյանն էլ ներկայացրեց այն գաղափարը, թե ինչպես կարելի է տանկի ընթացքը կառավարել, հեռվից, մեկ տեղից:

«Մեր թիմը ներկայացնում է հեռակառավարման տանկի գաղափարը: Այս տաղավարում ներկայացված է մակետը` փոքր տանկը, որը ներկայում հեռակառավարվում է հեռախոսով: Այս գաղափարը ռազմական ոլորտում կիրառելը կարևոր է, քանի որ տանկը կարող է ընթացքի մեջ լինել, կրակել, իր գործն անել, առանց ներսում որևէ մեկի գտնվելու: Այսինքն` այդ ամենն իրականցվում է հեռակառավարմամբ: Դա կօգնի խուսափել մարդկային զոհերից»,-ասա Միշա Մանուկյանը:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով:

Հայերեն English

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը