Արցախ

Արայիկ Հարությունյանը քննարկել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի արցախյան ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը քննարկել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի արցախյան ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է մարդասիրական առաքելության շրջանակում երկօրյա այցով Արցախ ժամանած՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին` կառույցի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսը:

Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի մարդասիրական ծրագրերը կրթական և առողջապահական նպատակներով Արցախում կիրառելու հետ կապված հարցեր, որոնք նախատեսված է ուղղելւ ապրիլյան իրադարձություններից հետո գյուղերից տեղահանվածների, ինչպես նաև վիրավոր քաղաքացիների ու զինվորների բժշկական կարիքները հոգալուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Արցախի նկատմամբ նրանց կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրության համար և կարևորել հիմնադրամի կողմից գյուղական բնակավայրերում իրականացվող կրթական ու առողջապահական ծրագրերը:

«Արցախում կրթության և առողջապահության ոլորտներում պայմանների բարելավման ուղղությամբ մեծածավալ ծրագրեր են իրականացվել, սակայն որակի ապահովման համար ժամանակակից մեթոդների կիրառումն անհրաժեշտ է, ինչը դուք փորձում եք ապահովել ձեր ծրագրերի միջոցով»,- ասել է Ա. Հարությունյանը:

Կառավարության ղեկավարն իր առանձնահատուկ վերաբերմունքն է արտահայտել հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսին, ով միջազգային հարթակներում, վարչապետի բնորոշմամբ, հայ դեսպանի առաքելություն է իրականացնում: «Համոզված եմ, որ Ձեր անունն իր ուրույն տեղն է ունենալու հայոց պատմության էջերում»,- դիմելով Ջ. Էվանսին՝ ասել է վարչապետը:

Հիմնադրամի ատենապետ Գարո Արմենը, ներկայացնելով իրենց ծրագրերը, կարևորել է կառույցի հատկապես «ՍՄԱՐԹ» նախաձեռնությունը, որի նպատակն է գյուղական բնակավայրերի, ժամանակակից տեխնոլոգիաների գործածության միջոցով, առաջխաղացման ապահովումը: Երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել այն որպես պիլոտային ծրագիր Արցախում կյանքի կոչելու ուղղությամբ: Վարչապետի առաջարկությամբ` հանրապետության գյուղերում նորաբաց համայնքային կենտրոնների սենյակներից մեկը կհատկացվի անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով կահավորելու և այն նպատակային օգտագործելու համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև առողջապահության և կրթության ոլորտներում հնարավոր այլ ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվել են մասնավորապես գյուղական բնակավայրերի բուժկետերի բուժքույրերի դասընթացների և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում