Հայաստանի ճարտարապետների միության նախագահը տարին քաղաքաշինության առումով բարդ է համարում
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին մոտեցող տարին ճարտարապետության և քաղաքաշինության առումով լի էր բարդություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Ճարտարապետությունը սերտ կապված է երկրի տնտեսության հետ: Եթե նկարիչները կարող են աշխատել իրենց արվեստանոցներում, գրողները՝ աշխատասենյակներում, ապա մեր աշխատանքը բարդ և հետաքրքիր է, քանի որ այն սերտ կապված է տնտեսության հետ: Այս տարի ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, երեկոներ, ճարտարապետների հուշ-երեկոներն ու հոբելյաններ: Նաև հիմնել ենք գրքերի շարք, որի առաջին գիրքը նվիրված է եղել Նիկողայոս Բունիաթյանին», - ասաց Մկրտիչ Մինասյանը:
Ձեռքբերումների մասին խոսելիս՝ ճարտարապետների միության նախագահը նշեց, որ պետության տնտեսական վիճակի բարվոք վիճակի դեպքում ճարտարապետությունը նույնպես կկարողանա ունենալ դրական ձեռքբերումներ: Այս տարի ներդրողների բացակայության պատճառով շատ ծրագրեր մնացել են թղթի վրա: Դրանց շարքում է, օրինակ, 33-րդ թաղամասի կառուցումը, ինչպես նաև այլ նախագծեր, որոնք պահանջում են հսկայական ներդրումներ:
«Վերջերս Շահումյան հրապարակում կարճ ժամանակում կառուցվեց և շահագործման հանձնվեց ԱԳՆ-ն նորակառույց շենքը: Այն մեծ և նկատելի ձեռքբերում է: Տնտեսական խնդիրների առկայության հետ կապված շատ նախագծեր կանգ են առել, սակայն հույս ունենք, որ հնարավոր կլինի իրականացնել Ազգային պատկերասրահի նոր շենքի կառուցումը, որպեսզի առկա շենքում մնա միայն Պատմության թանգարանը», - ասաց Մինասյանը:
Ճարտարապետների միության նախագահը, ամփոփելով այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվել Ճարտարապետության մասին օրենքի մշակման շուրջ , քանի որ դրա ընդունման դեպքում ճարտարապետների միության ղեկավարը ակնկալում է շրջանցել այսօր առկա բազմազան ճարտարապետական խնդիրներ:
«Այսօր ճարտարապետներիս խնդիրներից մեկը մեր ժամանակին հպարտության առարկա ճարտարապետության հավուր պատշաճի պահպանությունն է: Իրավիճակներ են ստեղծվում, երբ մենք շատ անգամ ծայրահեղ միջոցների դիմում՝ պաշտպանելու նախորդ սերունդների նվաճումները, որոնք ուշադրությունից դուրս են մնում», - ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: