Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման
2 րոպեի ընթերցում

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական հանդիպում է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Խրիստո Պոլենդակովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։
Փոխնախարարը շնորհավորել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող կազմակերպման և անցկացման կապակցությամբ։
Զրույցի ընթացքում փոխնախարարը բարձր է գնահատել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ Նրա խոսքով, դրանք կառուցված են երկու ժողովուրդների միջև երկարատև պատմական և մշակութային կապերի հիման վրա և վերջերս ամրապնդվել են այս տարվա մայիսի 3-ին ԲՀ Նախագահ Իլիանա Յոտովայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։
Խրիստո Պոլենդակովը նշել է, որ Բուլղարիան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հավատարմությունը եվրոպական արժեքներին և ժողովրդավարական բարեփոխումներին՝ չնայած անկայուն անվտանգության միջավայրին և բարդ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական համատեքստին, և պատրաստակամություն հայտնել կիսելու Բուլղարիայի գիտելիքն ու փորձը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։
Զրույցի հիմնական թեմաներն էին առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը, Հայաստանի մասնակցությունը միջտարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերին, ինչպես նաև նորարարություններն ու ներդրումների խթանման հնարավորությունները: Քննարկվեցին նաև երկու երկրների միջև ուղիղ օդային երթուղիների վերականգնման համար ուժերը համատեղելու հնարավորությունները: