Մշակույթ

Կարեն Դուրգարյանն օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ. նրա հաստիքը կրճատվել է

2 րոպեի ընթերցում

Կարեն Դուրգարյանն օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ. նրա հաստիքը կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահագն Զաքարյանը:

«Թատրոնի և Կարեն Դուրգարյանի միջև դադարեցվել է պայմանագիրը, և օրենսդրությամբ սահմանված որևէ խախտում թույլ չի տրվել: Կարեն Դուրգարյանի աշխատավարձի և աշխատանքային այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում են միայն աշխատողի համաձայնությամբ: Դուրգարյանն արդեն հրաժարվել է մնալ թատրոնում, առաջարկվել, սակայն նա հրաժարվել է: Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյանը, Հարություն Արզումանյանը, Ռուբեն Ասատրյանը: Հրավիրյալ դիրիժոր է իտալացի Ջանլուկա Մարչիանոն: Առաջիկայում նոր հրավիրյալ դիրիժորներ էլ կլինեն: Նրանց մասին կհայտարարվի»,-շեշտեց Վահագն Զաքարյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում