Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Փարիզի ահաբեկչությունն անմարդկային է անվանել

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Փարիզի ահաբեկչությունն անմարդկային է անվանել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարել է Փարիզի ահաբեկչությունը` այն անվանելով անմարդկային արարք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», Հռոմի պապը նշել է, որ ահաբեկչությունն իրականացնողները չեն կարող ունենալ որևէ արդարացում իրենց արարքի համար` ո´չ կրոնական, ո´չ մարդկային:

Իտալական Tv2000 կաթոլիկ հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցի ժամանակ հայրապետը իր համերաշխությունն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին և հավաստիացրել, որ աղոթելու է ահաբեկչության զոհերի, վիրավորների և նրանց ընտանիքների համար: Ֆրանցիսկոս պապը նաև կարծիք է հայտնել, որ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները երրորդ համաշխարհային պատերազմի մասն են, որի մասին ինքը նախազգուշացրել էր ավելի վաղ: «Դրան չկա արդարացում: Դա անմարդկային է»,- ասել է նա:

Պապի հրահանգով Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինին հատուկ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի արքեպիսկոպոս, կարդինալ Անդրե Բեն-Տուրային: Իսկ ավելի վաղ, Սուրբ Աթոռի ներկայացուցիչը Վատիկանի ռադիոյին հայտնել էր, որ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը սարսափով է ընդունել ահաբեկչության մասին լուրը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում