Միջազգային

Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա Սիրիայում ահաբեկիչների իշխանության գալը. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

 Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա Սիրիայում ահաբեկիչների իշխանության գալը. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դիտարկմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, որին ձգտում են ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ, Սիրիական հարցի «հեշտ լուծումն է»:

«Արևմուտքի մեր գործընկերները խուսափում են երկարատև դժվարին աշխատանքից և մտածում են, որ Բաշար Ասադի հրաժարականը հեշտությամբ կլուծի բոլոր հարցերը: Շատերը փորձում են Սիրիական հարցը ներկայացնել որպես շիաների և սունիների հակամարտություն, ինչը կոպտագույն սադրանք է, որին ենթարկվում են մի շարք առաջնորդներ: Ռուսաստանի Դաշնության համար գլխավոր խնդիրն այն է, որ ահաբեկիչները չգան իշխանության Սիրիայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սերգեյ Լավրովը:

Նա նկատեց, որ Սիրիայի հարցով Վիեննայում կայացած բանակցությունները կարգավորման գործընթացի սկիզբ էր: «Վիեննայում մենք առաջին անգամ հավաքեցինք բոլոր այն խաղացողներին, որոնք այս կամ այն կերպ ազդում են Սիրիայում գործող տարբեր խմբավորումների վրա: Բոլորը հասկանում են, որ պետք է դադարեցնել արյունահեղությունը և պետք է բոլոր կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ` համաձայնության գալով ոչ միայն իրենց ճակատագրերի, այլ նաև իրենց պետության ճակատագրի հարցում»,- նկատեց Լավրովը` հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիան տեսնում է միասնական, սուվերեն և տարածքային ամբողջական պետություն:

Անդրադառնալով Սիրիայի հարցով առաջիկա անելիքներին` Սերգեյ Լավրովը ասաց հետևյալը. «Մենք նախատեսում ենք առաջիկայում անցկացնել հերթական ընդլայնված ձևաչափով հանդիպումը: Առաջիկա հանդիպման ընթացքում մենք պետք է քննարկենք երկու ցուցակ. առաջինը` Սիրիական ճգնաժամի հարցում ո՞ւմ պետք է համարել ահաբեկիչ, երկրորդը`Սիրիայում քաղաքական ընդդիմությունը պետք է համաձայնության գա սիրիական իշխանությունների հետ»,- հայտնեց Լավրովը` հավելելով, որ հաջորդ հանդիպումից առաջ բանակցող կողմերի միջև առկա է պրագմատիկ որոշում` համաձայնության գալ այդ երկու ցուցակներից մեկի հարցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում